Լրահոս

24.02.2012 17:25


«The New York Times». «Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին քաղաքակրթություններից է»

«The New York Times». «Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին քաղաքակրթություններից է»

Հեղինակավոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է Հայաստանի պատմամշակութային զարգացումներին՝ հանգամանորեն քննելով հայ ժողովրդի պատմությունը։

 Ըստ «Հայաստանի փրկության բանալին» հրապարակման՝ հայոց պատմությունը նշանավորվել է հոգևոր ու մշակութային վիթխարի նվաճումներով:

«Հայկական քաղաքակրթությունը Մերձավոր Արևելքում պահպանված ամենահին քաղաքակրթություններից է, բայց իր պատմության մեծ հատվածում հայությունը եղել է ազգություն առանց պետականության»,–գրում է թերթը։

Պարբերականն առանձնահատուկ ընդգծում է հայերի սերը դեպի գիրքը, այնուհետև մեջբերում 19-րդ դ. անգլիացի ճանապարհորդի խոսքերը, ըստ որոնց՝ հայերը գնահատում էին տպագրության գործն այնպես, ինչպես պարսիկ զինվորականները՝ հրազենը: Անգամ տպագրության հայտնվելուց հետո հայկական վանքերում շարունակում էին նկարազարդումներ ու մանրանկարներ անել: Պարբերականը ներկայացնում է՝ երբ և ինչպես սկսեց զարգանալ հայ տպագրությունը.

«1511-1512թթ. Վիեննայում տպագրվեցին առաջին հայկական գրքերը: Այս իրադարձությունը նշանակալի էր սփռված ժողովրդի համար, որը չուներ հայրենիք մինչև 1918թ-ը, որից հետո էլ ստացավ իր նախնիների տարածքների մի փոքրիկ մասը միայն»:

Հրապարակման մեջ նշվում է նաև, որ Արարատ լեռը կարևոր նշանակություն է ունեցել հայ ժողովրդի ընկալումներում. դա հատկապես վառ է արտահայտված ճարտարապետության, հայկական եկեղեցաշինության և կամարաշինության մեջ, որոնք հնարավորություն են տալիս ճիշտ վերարտադրել աշխարհագրական կեցվածքը, որը խորհրդանշում է մարդկության փրկությունը:

Հոդվածում հատուկ շեշտվում է, որ Հայաստանը քրիստոնեությունն ընդունել է դեռևս առաջին կամ երկրորդ դարում, իսկ պաշտոնապես՝ 301թ-ին: Այնուհետև հանգամանորեն ներկայացվում է այն բեղմնավոր ճանապարհը, որն անցավ հայ դպրությունն ու մշակույթը:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը